11 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT
Երևանում նշում են ուղղափառ Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակը

Հոկտեմբերի 12-14-ը Երևանում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Քանաքեռի ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակին, հաղորդում է Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը:

Սուրբ Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 1912-ին Էրիվան գավառի Քանաքեռ գյուղում: 1917-ից հետո եկեղեցին վերածվել է գնդի Մշակույթի տան: 70 տարի անց 1991-ին ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով նախկին մշակույթի տան շենքը հանձնվել է Քանաքեռ շրջանի հավատացյալների համայնքին:

Սուրբ Աստվածածնի եկեղեցու 100-ամյակին է նվիրված Մեծ օծումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Հոկտեմբերի 13-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմե ու Գայաների սրբերի հիշատակի օրը Եկատերինոդարի թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Գերմանը (Կամալով Ալեքսեյ Մուզաֆարովիչ) կկատարի եկեղեցու օծումը և կմատուցի պատարագ: Հոկտեմբերի 14-ին` Սուրբ Աստվածածնի օրը, արքեպիսկոպոս Գերմանը կմատուցի տոնական պատարագ:

Պատարագին մասնակցել ցանկացողները կարող են հոկտեմբերի 14-ին Ռոսհամագործակցության ներկայացուցչությունից ավտոբուսով մեկնել Քանաքեռ:

Պատարագի ավարտից հետո ավտոբուսները բոլոր ցանկացողներին կտանեն Պասկևիչի բլուր` Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի առթիվ տոնական միջոցառումներին մասնակցելու համար:

Ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայում կկայանա «Բլագոզվոննիցա» կամերային երգչախմբի համերգը: