11 հոկտեմբերի 2012 - 14:01 AMT
Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Թարգմանչաց տոնը: Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:

Սուրբ Թարգմանչաց տոնը , նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը։ Նրանց մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի գործն ու առաքելությունը շարունակած Սուրբ Գրիգոր Նարեկացին և ՍուրբՆերսես Շնորհալին:

Թարգմանիչների շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն։ Սուրբ Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սուրբ Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր իրենց բնօրինակների կորստյան պատճառով բնագրի արժեք են ստացել: