11 հոկտեմբերի 2012 - 15:42 AMT
Բոլոր ցանկացողները կկարողանան օնլայն հետևել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին

Էրեբունի-Երևանի տոնակատարություններին հնարավոր կլինի օնլայն հետևել myyerevan.am կայքի միջոցով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, կայքում այսօրվանից արդեն օնլայն ռեժիմով կարելի է հետևել միջոցառումների անցկացման գլխավոր հարթակներին: «Մտադրություն կա նաև տեղակայված տեսախցիկներով մայրաքաղաքի անցուդարձին հետևելու հնարավորությունը չսահմանափակել Էրեբունի-Երևանի տոնակատարություններով: Ամենայն հավանականությամբ, օնլայն ռեժիմով հետևելը հնարավոր կլինի նաև դրանից հետո, և այս հնարավորությունն ընձեռվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բնակվող մարդկանց: Այս իմաստով մենք տուրիզմի զարգացմանն ուղղված քայլ ենք ձեռնարկել, որը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա: