Քաղշին նախարարության պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաև կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012 թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտմամբ: Պարզվել է նաև, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առևտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---