Հայկական դպրոցներում տեղի է ունենում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնը

Հայկական դպրոցներում տեղի է ունենում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, “Русский мир” (Ռուսաստանի Դաշնություն) հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անց է կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը։

Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը։

Առաջին փառատոնն անցկացվել է 2010 թվականին, որին մասնակցել են հանրապետության շուրջ 1300 հանրակրթական դպրոցի աշակերտներ, ընդհանուր հաշվով` 400 հազար դպրոցական ընդգրկված է եղել ծրագրում, իսկ մեկ միլիոն մարդ ուղղակի կամ անուղղակի առնչվել է փառատոնին։ Փառատոնի հաջողությամբ էր պայմանավորված նաև այն փաստը, որ մանկավարժների, ծնողների ու աշակերտների առաջարկով ծրագիրը դարձավ ավանդական։

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվում են ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի օրեր, որի շրջանակում կազմակերպվում են ռուսական պոեզիայի երեկոներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսաց լեզվի բաց դասեր, լեզվի վարպետության դասեր և ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ: Մրցույթի արդյունքներով ձևավորվում է հաղթողների դպրոցական թիմը` մարզային փուլին մասնակցելու համար: Յուրաքանչյուր դպրոցական թիմում կարող է ընդգրկվել հինգ հաղթող` յուրաքանչյուր ժանրում մեկական կատարող: Նոյեմբերի 1-ից - 30-ը Երևանում և մարզկենտրոններում կիրականացվի ծրագրի երկրորդ փուլը։ Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ կդիտվի նաև ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին կատարողի իրազեկվածությունը:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևանում` դեկտեմբերի 17-ին` Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում, իսկ գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---