6 ապրիլի 2005 - 13:41 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՐ ԱՌՋԵՎ ՆՊԱՏԱԿ ԴՆԵԼՈՎ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՐՏ ԿԱՊԵՐ ՉՈՒՆԵՆԱԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
Իր առջեւ նպատակ դնելով ինտեգրվել եվրոպական ընտանիքին, Հայաստանը չի կարող սերտ կապեր չունենալ ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասը` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Անկասկած, մենք խորացնելու ենք հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, սակայն դա չի խանգարի ինչպես հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ ռուս-հայկական հարաբերություններին», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ի եւ դաշինքի առանձին անդամ-երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն սկսելու հարցը: Պատճառն այն է, նրա խոսքերով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շահագրգռված չեն դրանում: «Ինչպես գիտեք,- նշել է Ս.Սարգսյանը,- մեր ողջ ռազմական տեխնիկան եւ սպառազինությունն արտադրված է Ռուսաստանում եւ Խորհրդային Միությունում: Այս պայմաններում, գործող, թեկուզ ոչ անթերի կառուցվածքը նորով փոխարինելը ճիշտ չի լինի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսակետից»: Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասն իր հերթին նշել է, որ Լիտվան ողջունում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությւոնների զարգացումը: Նրա խոսքերով` հատկապես ողջունում է Իրաքի խաղաղապահ գործողությանը մասնակցելու Հայաստանի որոշումը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ավելի ու ավելի հստակ է ուրվագծում իր ռազմավարական նպատակները», - նշել է նա: Լիտվան ողջունում եւ աջակցում է Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են ինչպես եվրոպական, այնպես էլ հյուսիսատլանտյան կառույցներին ինտեգրմանը: «Սակայն վերջնական որոշումը, իհարկե, պետք է կայացնեն հանրապետության ժողովուրդը եւ կառավարությունը», - ընդգծել է Գեդիմինաս Կիրկիլասը: