12 հոկտեմբերի 2012 - 13:52 AMT
Հալեպում երեկ ևս մեկ հայ է զոհվել

Հալեպի ծայրամասերից մեկում երեկ ևս մեկ հայ է զոհվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ 55-ամյա հայազգի Ժան Թահանը մահացել է ազատ բանակի դիպուկահարի փամփուշտից:

Ժիրայր Ռեիսյանի փոխանցմամբ` ըստ որոշ տվյալների` նույն փամփուշտը խոցել է նաև երիտասարդ Հովիկ Թամփալյանին: Առաջնորդարանի խոսնակը հավելեց նաև, որ այժմ վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հոկտեմբերի 10-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանում դիպուկահարների փամփուշտից վիրավորվել էր նաև 35-ամյա Գևորգ Թալշյանը: Ռեիսյանի փոխանցմամբ` Թալշյանի կյանքին ևս վտանգ չի սպառնում: