Վախճանվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը

Վախճանվել  է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքը

PanARMENIAN.Net - Այսօր Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում վախճանվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի և օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալ միաբանությունը:

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:

1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի:

1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը:

1939-46 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ:

1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ: 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ:

1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը` Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ: Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները:

1960 թ. վերադառնալով ԱՄՆ` ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց (Մասաչուսեթս):

1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս:

1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:

Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:

Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:

1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է ԿաթողիկոսականՏեղապահ:

Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր Աստվածաբանական Ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման:

1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները:

Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց:

Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր:

Հոկտեմբերի 14-ին` Ս. Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Հայ Եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---