12 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT
Հոկտեմբերի 13-21-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կանցկացնի 87-րդ ընդհանուր ժողովը

Հոկտեմբերի 13-21-ը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ավելի քան 300 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից կմասնակցեն միության 87–րդ ընդհանուր ժողովին:

Ինչպես հայտնում է ՀԲԸՄ լրատվական ծառայությունը, 87-րդ Ընդհանուր ժողովը առանձնանում է ոչ միայն իր ընդգրկունությամբ և բովանդակությամբ, այլև դեպի ապագան միտված լինելու խորհրդով: ՀԲԸՄ-ի պատվիրակները կքննարկեն ՀԲԸՄ-ի վերջին երկու տարիների գործունեւոթյունն աշխարհում, միության ավանդը Հայաստանի առաջընթացի գործում, ինչպես նաեւ սիրիահայության օգնության հարցեր:

Ամփոփելով Հայաստանում իրագործված ծրագրերն ու ձեռքբերումները` ՀԲԸՄ-ի անդամները կգնան նաև ապագային ընդառաջ` կազմելու թե՛ Հայաստանի, թե՛ հայ սփյուռքի զարգացմանը նպաստող հետագա ծրագրերը: Ընդգծելով 87-րդ Ընդհանուր ժողովի Հայաստանում գումարվելու նշանակությունը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր ուղերձում ասում է:

Ընդհանուր ժողովի ընթացքում նախատեսվում է պատվիրակների այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հանդիպում նախագահ Բակո Սահակյանի հետ: ՀԲԸ Միությունը, շարունակելով իր ծրագրերը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր ժողովի առիթով կհայտարարի կրթական նոր կենտրոնի մեկնարկը Ստեփանակերտում: Այս կենտրոնում կգործեն Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժինն ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Պատվիրակները ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ կայցելեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր ժողովը տեղի է ունենալու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանում, հոկտեմբերի 20–ին:

87-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀԲԸՄ-ի Գալա համերգը, Հայաստանի լավագույն գեղարվեստական խմբերի ու արվեստագետների մասնակցությամբ: Համերգի ընթացքում կներկայացվեն Միության արգասաբեր գործունեությունն ու ձեռքբերումները: Մինչ այդ, հոկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ-ն կկազմակերպի Dorians խմբի բացօթյա հանրային համերգը` «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլագիաների կենտրոնում: