12 հոկտեմբերի 2012 - 15:23 AMT
Երեկ Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթարի ենթարկված ՌԴ քաղաքացու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Երեկ Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթարի ենթարկված մեքենայի վարորդ՝ ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը:

«Տուժածը կոմայի մեջ է, գիտակցությունը կորցրել էր դեռ դեպքի վայրում, ունի գանգուղեղի, ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ», - ասաց նա:

Տեղեկություն էր տարածվել, որ Սադչիկովը ծառայում էր ռուսական ռազմաբազայում:

PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ռուսական ռազմաբազայի մամուլի խոսնակ Կիրիլ Կիսիլյովը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ 11-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի– Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարատրանսպորտային պատահար:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: