12 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT
Հայ և հույն եկեղեցիները կհամագործակցեն խաղաղության պահպանման հարցերում

Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելել են Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում են ունեցել Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր:

Նույն օրը Հովակիմ Սրբազանն ու Հայր Խորենն այցելել են նաև Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հերոնիմոսին: Սրբազան Հայրը Հերոնիմոս արքեպիսկոպոսին փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Արքեպիսկոպոսն իր խոսքում նշել է, որ շատ բարձր է գնահատում երկու Եկեղեցիների փոխհարաբերությունները: