12 հոկտեմբերի 2012 - 17:24 AMT
Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը նշվել է նաև Թուրքմենստանում

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադի «Պրեզիդենտ» հյուրանոցի մեծ սրահում Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ և Հայաստանի ու Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ընդունելությանը մասնակցեցին Թուրքմենստանի փոխվարչապետ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ Սապարդուրդի Թոյլիևը, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աշխաբադում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, Թուրքմենստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի հայազգի վետերաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլն:

Բացման խոսքով հանդես եկավ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը: ՀՀ դեսպանը շնորհավորեց ներկաներին անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանի կապակցությամբ` անդրադառնալով հայկական պետականության կայացմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին և հայ-թուրքմենական հարաբերությունների պատմությանը: Դեսպան Բադալյանն ընդգծեց նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի կարևորությունը բոլոր բնագավառներում երկու պետությունների փոխշահավետ կապերն ամրապնդելու համար: Հանդիսության գլխավոր հյուրը՝ Թուրքմենստանի փոխվարչապետ հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ Սապարդուրդի Թոյլիևը, փոխանցեց Թուրքմենստանի նախագահի ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները հայ ժողովրդին: Իր ելույթում Սապարդուրդի Թոյլիևը մեկ անգամ ևս հիշեցրեց մեր ժողովուրդների բարեկամության պատմական արմատների, մշակութային դարավոր կապերի, նոր ժամանակներում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին: Ընդունելության ողջ ընթացքում լարային հնգյակը և թուրքմենահայ դաշնակահար Վլադիմիր Մկրտումովը կատարեցին հայ և դասական այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: