12 հոկտեմբերի 2012 - 18:50 AMT
Օսկանյանը մտադիր չէ «հետապնդողների» դեմ պայքարել իրավական մեթոդներով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը իրեն ներկայացված մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում: «Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որևէ իրավական հիմքերից: Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա բողոք ո՛չ դոնորի, ո՛չ էլ հիմնադրամի կողմից, քանի որ, ըստ էության, միջոցները չեն կորել: Երկրորդ՝ կարևոր է տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը: Մեղադրանք է առաջադրվում մի գործի առիթով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Այսօր Հայաստանում մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների, և ես մի կուսակցության անդամ եմ, որն ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է իշխող կուսակցության լուրջ հակառակորդ դառնալ« հայտարարել է նա գԳերմանական DW ռադիոկայանին:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է մտադիր նախաձեռնել՝ Օսկանյանն ասել է. «-Ես չեմ պատրաստվում պայքարել իրավական հարթությունում, քանի որ դա անիմաստ եմ համարում: Հարցը քաղաքական դաշտում է, և պայքարը հենց այս մակարդակով է ընթանալու: Իհարկե, այս ամենն ուղղված է ոչ միայն իմ, այլ նաև իմ կուսակցության դեմ, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդավարության դեմ»:

Վարդան Օսկանյանը գտնում է, որ իր դեմ հարուցված գործը չի կարող անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ապագայի վրա: «Այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այս հարցը երբեք չի դառնա սակարկման առարկա: Կուսակցությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, և անկախ ամեն ինչից՝ «Բարգավաճ Հայաստանը» առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում»,-ասել է ԱԳ նախկին նախարարը:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց սեպտեմբերի 27-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: