ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության մասնագետները Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի մայրուղու ուսումնասիրման նպատակով ժամանել են Երեւան: «Գազպրոմի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովի խոսքերով` տվյալ նախագծի հայկական հատվածի իրագործման համար անհրաժեշտ է 140 մլն դոլար ներդրում կատարել, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Գազամուղի շինարարությունը կիրականացնեն Իրանը, Հայաստանի կառավարությունը եւ Ռուսաստանը` ի դեմս «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «ԵԷՍ Ռոսիա» ՌԲԸ-ի: «ՀայՌուսգազարդ»-ն արդեն սկսել է Մեղրի-Քաջարան հատվածի շինարարությունը: Հայ-իրանական հիմնական պայմանագրի համաձայն` գազամուղը շահագործման կհանձնվի 2007 թվականի հունվարի 1-ին: Հետագա 20 տարիների ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր գազ: Կապույտ վառելիքն այստեղ կվերամշակվի էլեկտրաէներգիայի, որը կարտահանվի կրկին Իրան: Նախագծի կապալառուն իրանական «Սանիր» ընկերությունն է, իսկ ենթակապալառուն`«ՀայՌուսգազարդը» (այդ ընկերության 45% բաժնետոմսերը բաժանված են «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության միջեւ, իսկ մնացած 10%-ը պատկանում է «Իտեռա» ընկերության խմբին): Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 200-250 մլն դոլար, ընդ որում 30 մլն-ն արդեն հատկացվել է Իրանի զարգացման եւ արտահանման բանկի կողմից` գազամուղի հայկական մասի առաջին հատվածի շինարարության համար, որը ձգվում է 41 կմ` Իրանի հետ սահմանակից Մեղրի քաղաքից մինչեւ Քաջարան: Այդ փուլի իրականացումը Հայաստանին թույլ կտա 1,5 մլն խորանարդ մետր գազ ստանալ ամեն օր :
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---