13 հոկտեմբերի 2012 - 12:36 AMT
Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ իրական վիճակագրություն չկա, կարծում է Մարիաննա Եղիազարյանը

Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ իրական վիճակագրություն չկա, և սովորաբար դատախազությունը այլ թիվ է նշում, հասարակական կազմակերպություններն ու լրագրողները`այլ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: «Լրագրողների բացահայտած դեպքերի մասին, դատախազությունը սովորաբար լռում է: Եվ քանի որ չկան համապատասխան փաստեր, չենք կարող վկայել, որ դրանք իրական են: Օրինակ, 2004 թվականին ըստ ՀԿ-ների գրանցվել է թրաֆիքինգի 33 դեպք, իսկ ըստ իրավապահ մարմինների` ընդամենը մեկը»,- ասաց Եղիազարյանը:

Ըստ իրավաբանի, Հայաստանում չկա որևէ մարմին, որը կվերահսկի այդ գործընթացը. «Իմ կարծիքով այստեղ կա նաև Ազգային անվտանգության ծառայության կարիք, որովհետև ՀԿ-ները մեծ թվով ինֆորմացիա են տրամադրում, որը ստանում են արտերկրից, սակայն այն չի ուսումնասիրվում»:

Եղիազարյանի խոսքով Հայաստանում թրաֆիքինգով զբաղվելու քրեական պատասխանատվության ժամկետը սկսվում է 2 տարուց, սահմանվում է նաև 2-5, 7-9 տարի, անչափահասների նկատմամբ իրականացված բռնության համար սահմանվում է 12 տարի, առավելագույն պատիժը 15 տարի է, բայց դատական գործերի ժամանակ սահմանվել է միջինը 5 տարի: