13 հոկտեմբերի 2012 - 12:48 AMT
Ճարտարապետ. Երևանի կենտրոնի կառուցապատումը այս խտությամբ գլխավոր հատակագծով նախատեսված չէ

Երևանի կառուցապատման ժամանակ շատ բաներ հաշվի չեն առնվել, որովհետև տնտեսական գործոնը շատ մեծ դեր է խաղում: Դա է պատճառը, որ խախտումներ են լինում: Կենտրոնի կառուցապատումը այս խտությամբ գլխավոր հատակագծով նախատեսված չի եղել: Երևանի տոնին ընդառաջ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ճարտարապետ Աշոտ Արշակյանը: Նա նշեց, որ ցանկացած քաղաք ապրում է էվոլուցիա և Երևանը բացառություն չէ, պարզապես Երևանի էվոլուցիան շատ հակասական է ընդունվում.«Ես կարծում եմ, որ քաղաքի ճարտարապետական դեմքին վերաբերող քննարկումները պետք չի սիրողական հարթության վրա տեղափոխել, գնահատական պետք է տան մասնագետները, ամեն մարդ իրավունք չունի գնահատել ամեն մի նորակառույց: Հասկանալի է, որ կանաչ տարածքները պահպանելը կարևոր է և այլն, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է այդպես ցավագին ընդունել»:

Բանախոսն անդրադարձավ նաև Արտգործնախարարության վաճառված շենքին` դա ևս դասելով ցավագին ընդունվող հարցերի շարքին.«Արտգործնախարարության շենքի հարցը ես ցավագին չեմ ընդունոմ,մի քիչ արձագանքները ավելի մեծ էին, քան պետք է լինեին»:

Ճարտարապետը կարծում է նաև, որ Երևանի կենտրոնը հախուռն և երկրրի համար ոչ օրինաչափ զարգացում է ապրում. «Երևանի դեմքը շատ է փոխվել,փոխվել են երևանցիները, պետք է երևանցին մնար ու նորեկը սովորեր նրանից, ինչով է ապրում քաղաքը, բայց հին երևանցները չկան ու նորեկները իրենք են թելադրում երևանյան ապրելակերպը: Երևանի դեմքը երևանցիներն էին, որոնք այսօր չկան»: