13 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT
Արման Մելիքյան. Ժամանակն է, որ մեր իշխանությունը բխի Հայաստանից և լինի Հայաստանում

Անդրադառնալով ընդդիմության կողմից նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրմանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց, որ իշխանություններին հաղթելու միակ շանսը` չեզոք անձ առաջադրելն է:

«Այդ թեկնածուն պետք է լինի քաղաքական լուրջ ճանապարհ անցած մարդ, որը հեռու կլինի բոլոր ուժերից: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, և ոչ էլ «Դաշնակցությունը» միանձնյա չեն կարող որևէ բան անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մելիքյանը:

Նա անդրադարձավ նաև Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան, նշելով, որ մեր երկիրը պատրաստ չէ նման փոփոխության: «Սա նախ մի օրում չի արվել, և երկրոդն էլ Սահակաշվիլիին հաջողվել էր ամբողջովին ազատվել Ռուսաստանից, մինչդեռ Հայաստանում նման բան չկա»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի, լավ երևում է, թե հայաստանյան քաղաքական ուժերից ով է ռուսամետ և ով ամերիկամետ. «Սակայն կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր իշխանությունը բխի Հայաստանից և լինի Հայաստանում»: