13 հոկտեմբերի 2012 - 13:07 AMT
«Ժառանգություն»-ը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով

«Ժառանգություն» կուսակցությունը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Ցավակցության տեքստում նշված է.

«Տխրությամբ տեղեկացանք, որ երկարատև տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել և ի Տեր ննջել Երուսաղեմի հայոց պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը:

Թորգոմ Պատրիարքը Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքն էր, հետևաբար մեկը Եկեղեցու հարյուրի չհասնող առանձնաշնորհյալ սպասավորներից, ում Աստծո ընտրությամբ և մարդկանց մեծարանքով շնորհվել են բոլոր այդ պատիվները: Թող լույսը, Աստծո խաղաղությունն ու օրհնությունը պարուրեն Սրբազան Պատրիարքի հոգին Վերին Երուսաղեմում, ինչպես նրա կյանքի ուղեկից են եղել երկրային ընթացքում: Եվ թող հավերժ անսասան լինի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` իբրև վեմ Սուրբ Քաղաքի, իբրև հոգևոր շինվածք մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իբրև հպարտություն ու պանծանք հայ ժողովրդի»: