13 հոկտեմբերի 2012 - 14:47 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան. Հակամարտությունը շարունակվում է

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարություն էր տարածել, որում անդրադառնում է իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի՝ մանդատները վայր դնելու մասին պայմանավորվածությանը: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.

«Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» և քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր և որոշ չափով` ռիսկային, բայցև հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբևէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա և Աստծո օրենքի միջև է:

Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջև: Եվ վերջում` նրա սատարումը որևէ հարցում ցանկալի չէ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ պատասխանել է. «Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը, բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»,– ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 1-ին ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, թե ինքն ու «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել, որ խորհրդարան անցնելուց հետո վայր են դնելու մանդատը և այն փոխանցելու են ավելի երիտասարդ պատգամավորների: Խաչատուր Քոքոբելյանն ի պատասխան հայտարարել էր, որ այդպիսի պայմանավորվածություն չի եղել, և Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը թյուրըմբռնման արդյունք է: Քոքոբելյանը նաև հայտարարել էր, որ «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» գործակցությունը շարունակվելու է, և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման դեպքում «Ազատ դեմոկրատները» սատարելու է նրա նախագահական թեկնածությունը: