15 հոկտեմբերի 2012 - 12:22 AMT
Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը կհանձնվեն Իսրայելի Ազգային գրադարանին

Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկայի արխիվները և ձեռագրերը, որոնք Իսրայելում դատավեճի առարկա են դարձել ժառանգների և պետության միջև, կհանձնվեն Իսրայելի Ազգային գրադարանին, հաղորդում է BBC-ն` մեջբերելով դատարանի որոշումը:

Կաֆկայի ձեռագրերի սեփականատերերի, Իսրայելի Ազգային գրադարանի և իսրայելական պետության միջև դատաքննությունը շարունակվում է 2008-ից ի վեր:

Ձեռագրերի սեփականատերերն են Եվա և Ռուֆ Հոֆֆե քույրերը, որոնց դրանք հասել են Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկերոջից` Մաքս Բրոդից, ով գրողի մահվանից հետո դարձել է Կաֆկայի կենսագիրը և ստեղծագործության հետազոտողը: Մահվանից առաջ Կաֆկան կտակել է Բրոդին ոչնչացնել իր թղթերը, սակայն նա այդպես էլ չի համարձակվել դա անել և հրապարակել է ընկերոջ աշխատանքների մի մասը` Կաֆկային դարձնելով 20-րդ դարի ամենանշանավոր արձակագիրներից մեկը:

1968-ին մահվանից առաջ Մաքս Բրոդը հանձնել է Կաֆկայի արխիվները քարտուղարուհուն` Էսթեր Հոֆֆեին, ով այն կտակել է իր դուստրերին` Եվային և Ռուֆին: Նրանք դատարանում պնդում են, որ Կաֆկայի ձեռագրերի հավաքածուն Բրոդը հանձնել է իրենց մորը որպես նվեր և պահանջում են իրենց թողնել թանկարժեք արխիվները:

«Բրոդի հավաքածուն պետք է հանձնել գրադարանային արխիվներ»,- ասվում է կիրակի օրն ընդունված դատարանի որոշման մեջ: