Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։   Հայաստանի անդամակցության որոշումից հետո Էդվարդ Նալբանդյանն, ելույթ ունենալով գագաթաժողովին, ասաց.«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանկոֆոնիայի տասնչորսերորդ գագաթաժողովին, որտեղ Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության այս արտահայտության համար և գոհունակություն՝ մեր երկրի՝ ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, երկխոսության և համագործակցության այս լայն հարթակին միանալու կապակցությամբ:

Հպարտ ենք, որ հայկական քաղաքակրթությունը, մշակույթն ու լեզուն իրենց տեղն են գտնելու մշակութային և լեզվական բազմազանությամբ հարուստ ֆրանկոֆոնիայի ընդհանուր ժառանգության մեջ։

Հայտնի է, որ Հայաստանը Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ կապում են առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեր երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը շաղկապված են, ժամանակի փորձությունն անցած և կոփված խաղաղության, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությամբ:

Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանը կկարողանա առավել ամրապնդել և խորացնել իր համագործակցությունն անդամ երկրների հետ, ակտիվորեն մասնակցել Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, գործել համերաշխության և ընդհանուր արժեքներին հավատարմության ոգով։

Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին ակտիվ ջանքեր է գործադրելու միջազգային բեմահարթակում կազմակերպության դերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---