15 հոկտեմբերի 2012 - 11:10 AMT
Սիվիլիթասի խորհրդի ներկա և նախկին անդամներն այսօր հարցաքննության են հրավիրվել

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: