15 հոկտեմբերի 2012 - 12:54 AMT
Երևանում բացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը, նրա նախագահը կրկին Արա Աբրահամյանն է

Երևանում բացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարը, որին մասնակցում են 17 երկրների 147 ներկայացուցիչներ: Համագումարի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Համագումարի ժամանակ կայացած քվեարկության արդյունքում Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը միաձայն վերընտրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի պաշտոնում:

Ելույթ ունենալով համագումարում` Աբրահամյանը հայտարարել է, որ կոնգրեսն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և սփյուռքի միջև կապերը, ինչպես նաև հենց սփյուռքում հարաբերությունները միշտ գտնվեն պատշաճ մակարդակում. «Որպեսզի յուրաքանչյուր հայ թեկուզ տարին մեկ անգամ մեկնի հայրենիք, որպեսզի սփյուռքի յուրաքանչյուր հայ գործարար Հայաստանում ունենա ներկայացուցիչներ»: