15 հոկտեմբերի 2012 - 14:20 AMT
Փորձագետ. Ապացուցված է, որ Էրդողանը հոգեկան հիվանդություն ունի

ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ թուրք-սիրիական հակամարտությունը չի կարող 3-րդ համաշխարհային պատերազմի առիթ դառնալ: Եթե լիներ հարձակում Իրանի վրա, ապա միգուցե և հնարավոր լիներ: «Համաշխարհային պատերազմ կարող է սկսվել, եթե կա մի շարք պետությունների կողմից հակամարտող բլոկերի առկայություն: Տարածաշրջանի ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ չկան հակամարտող դաշինքներ, կա դիվանագիտական դաշտ, որն առայժմ հնարավորություն չի տալիս համաշխարհային պատերազմի սցենարի»,-ասաց նա:

Փորձագետի կարծիքով՝ տարածաշրջանի ներկայիս իրավիճակի ապակայունացման հիմնական մեղավորը Թուրքիան է, որի մեջլիսը թույլատրել է կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել երկրի անդրսահամանյին գոտում: Իսկ այդ նույն թույլտվությամբ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Սիրիայի, այլ նաև Հայաստանի և մյուս հարևան երկրների սահմաններից դուրս:

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, առանց նրանց համաձայնության նման որոշում է կայացնում: Իսկ այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ Թուրքիան բոլոր հարևան երկրների հետ խնդիր ունի, բացի Վրաստանից»,- ասաց Ա. Սարգսյանը, ընդգծելով, որ եթե Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսի, ապա Իրանը հանդես կգա Թուրքիայի դեմ, ինչին էլ սպասում է Իսրայելը:

Ա. Սարգսյանը նշեց նաև, որ իրականում այս ամենը կարող է տարածաշրձանում բերել շատ ողբերգական իրավիճակի: Իսկ թե Թուրքիան ինչպես դուրս կգա իր կողմից ստեղծված այս խառնաշփոթից, անգամ Էրդողանը չգիտի: Ի վերջո ապացուցված է, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: