15 հոկտեմբերի 2012 - 14:22 AMT
ՀՀ նախագահ.Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով.

«Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել: Մենք սակավաթիվ ենք, ուստի և պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք՝ հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները:

Աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս: Բայց հայերի պարագայում այդ իրավիճակը ազատ ընտրության և ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել: Հայերն այլ երկրներում են հայտնվել ցեղասպանության և հայրենազրկման արդյունքում:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պիտի ստանա իր արժանի գնահատականը: Դա համազգային խնդիր է, որին, վստահ եմ, դուք կանդրադառնաք ձեր աշխատանքի ընթացքում: Հայոց պետությունը և հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակությունը ասելիք ունեն այս խնդրի շուրջ:

Եվ դա մեր օրակարգի միակ հարցը չէ: Մենք պաշտպանեցինք Արցախը մեզ պարտադրված պատերազմում: Այժմ ժամանակն է հաստատել արդարությունը դիվանագիտության դաշտում: Այստեղ ևս մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված:

Այսօր Սիրիայի մեր եղբայրները և քույրերը հայտնվել են ծայրահեղ դժվար կացության մեջ: Մենք զորակից ենք մեր հայրենակիցերին և հնարավոր բոլոր միջոցներով աջակցում և աջակցելու ենք նրանց:

Այս խնդիրներով մեր համազգային օրակարգը չի սահմանափակվում: Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու: Վստահ եմ՝ անելո՛ւ ենք: Եվ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ասելիք և անելիք ունի»,-ասել է նախագահը: