15 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT
«Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամը նոր մասնաշենք կունենա Երևանում

Երևանում կբացվի «Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի նոր մասնաշենքը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, այսօր հիշարժան օր է «Ալյանս Ֆրանսեզի» համար, որը «լեզվի և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի դեմքն է ներկայացնում»: «Հիմնադրամը վերջապես կունենա իր շենքը, և այդ իմաստով «Ալյանս Ֆրանսեզը» լավագույն փուլում է Հայաստանում իր գործունեությունը լայնամասշտաբ ծավալելու համար: Կարծում եմ, որ հիմնադրամը կդառնա ավելին, քան դպրոց, կդառնա կարծիքների փոխանակության, երկխոսության վայր: Ինձ առանձնահատուկ գոհունակություն է պատճառում այն, որ «Ալյանս Ֆրանսեզի» մասնաշենքի բացումն անմիջապես հաջորդում է հոկտեմբերի 13-14-ին Կինշասայի գագաթաժողովում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու փաստին: Դա ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Ֆրանկոֆոնիա կապը»,- նշեց նա:

«Ալյանս Ֆրանսեզ» հիմնադրամի գլխավոր քարտուղար Ժան-Քլոդ Ժակն իր հերթին ասաց, որ հիմնադրամը Հայաստանում գործում է 2003 թվականից, բայց մինչ օրս իր գործունեությունը ծավալում էր Հայաստանի Ֆրանսիական համալսարանի տարածքում: «Այս իմաստով մասնաշենքի բացումը նշանակալի իրադարձություն է և մեծապես կնպաստի Հայաստանում հիմնադրամի գործունեության զարգացմանը:

«Ալյանս Ֆրանսեզը» թվով 850 մասնաճյուղեր ունի աշխարհի 135 երկրներում:

«Ալյանս Ֆրանսեզի» շնորհիվ ֆրանսերեն են ուսումնասիրում շուրջ կես միլիոն մարդիկ, որոնցից 527-ը` Հայաստանում»,- նշեց նա:

Նոր մասնաշենքը կբացվի Մոսկովյան 3 հասցեում` նախկին Հ.Աճառյան համալսարանի շենքում: