15 հոկտեմբերի 2012 - 15:05 AMT
Թուրքիայում պարտադրված վայրէջք կատարած ինքնաթիռը տեղափոխում է «Օգնիր եղբորդ» ակցիայի արդյունքում հավաքված օգնությունը

Երևանից Հալեպ թռչող հայկական AIR Armenia ընկերության ինքնաթիռը հումանիտար օգնություն էր տեղափոխում, որը ՀՅԴ-ի նախաձեռնած «Օգնիր եղբորդ» ակցիայի արդյունքում հավաքված պարենամթերք էր: ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք է կատարել նախապես պայմանավորվածության արդյունքում և միայն բեռների ստուգման նպատակով:

«Մենք հումանիտար օգնություն ենք ուղարկում պատերազմող երկիր, և բնական է, որ Թուրքիան վերահսկում է իր օդային տարածքը: Մենք նախապես տեղյակ էինք, որ ինքնաթիռն այնտեղ վայրէջք էր կատարելու»,- ասաց Լ. Գալստյանը և հավելեց, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության արդյունքում արդեն 40 տոննա պարենամթերք են ամբարել, ինչպես նաև 15 մլն դրամ ֆինանսական աջակցություն: Այսօր 14 տոննան ուղարկվել է Սիրիա, և դեռ 30 տոննա էլ կուղարկվի: