
ԱԻ նախարարությունում մեկնարկեց աշխատանքային քննարկում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման և ՀԱԷԿ-ի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման թեմաներով:
Քննարկմանը մասնակցում են ԱԷՄԳ-ի միջազգային փորձագիտական խումբը (EPREV), ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից:
Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ Հ. Եմիշյանը EPREV-ի թիմին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կողմից միջուկային նյութերի կամ ճառագայթային աղտոտվածության հայտնաբերման, ՀԱԷԿ-ում վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացման պլանը, պլանավորման գոտիները, վթարի դասակարգումը, ազդարարման համակարգը և բնակչության պաշտպանության միջոցառումները:
Եղան մի շարք զեկույցներ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից՝ ՀԱԷԿ-ի վթարի դեպքում իրենց կառույցների ներգրավվածության վերաբերյալ: