11 ապրիլի 2005 - 11:36 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՈՉ ԹԵ ՈՐԵՎԷ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԱՅԼ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՄՈՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Հայկական կողմը երբեք չի ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փոխադարձ փոխզիջումների հիման վրա, քանի որ խնդրի փոխզիջումային կարգավորման տարբերակի այլընտրանք կարող է հանդիսանալ միայն կողմերից մեկի կապիտուլյացիան, իսկ կողմերը այդ քայլին դիմելու մտադրություն չունեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների եւ պրոֆեսորադասախոոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, հայկական կողմի փոխզիջումները ուղղակիորեն կապված են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական կայունության հետ, ինչպես նաեւ կախված են միջազգային հանրության դիրքորոշումից: «Նա, ով անմիջականորեն վարում է բանակցությունները, իրեն շատ ավելի վստահ է զգում, երբ նրա թիկունքում կայուն եւ ուժեղ երկիր է»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Ընդ որում նա կտրականապես հերքել է մտահոգություններն այն մասին, թե միջազգային հանրությունը, որոշ կազմակերպություններ կամ միջնորդ-երկրներ ստիպում են կողմերին գնալ այս կամ այն զիջման` ձգտելով հասնել խնդրի լուծմանը: «Ոչ ոք ոչինչի ստիպողաբար չի դրդում: Հակառակը, միջնորդները միանշանակ հայտարարում են, թե պատրաստ են գործի դնել իրենց բոլոր քաղաքական եւ տնտեսական ռեսուրսները խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու համար: Հայկական կողմը պատրաստ է գնալ փոխզիջումների ոչ թե որեւէ ուժի ազդեցության տակ, այլ միանգամայն կամովի»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, Բալկաններում կիրառված ստիպողական խաղաղության տարբերակը կիրառելի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, քանի որ այդ մեխանիզմը կիրառվել է այնտեղ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում եւ մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: «Ղարաբաղում արդեն մի ողջ տասնամյակ է ինչ խաղաղություն եւ զարգացում է տիրում ` այնպես որ իրավիճակն այստեղ այլ է»,-ընդգծել է նախագահը: