11 ապրիլի 2005 - 11:49 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԵՋ ՉԸՆԿՆԵԼ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղզսատնում իսկապես կարող է առիթ հանդիսանալ խորը վերլուծության համար` այդ իրադարձությունները, ընդհանրությունների հետ միասին, ունեին նաեւ ակնհայտ տարբերություններ, ինչպես բովանդակային, այնպես էլ` մշակութագաղափարական բնույթի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների եւ պրոֆեսորադասախոոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Խոսելով նշված երկրներում «հեղափոխական գործընթացների» ընդհանուր գծերի մասին` Հայաստանի նախագահը նշել է, որ դրանք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, այսինքն «հանրության առավել լարվածության ժամանակահատվածում»: Երկրորդը, Քոչարյանի խոսքերով, բոլոր երեք երկրներում դերակատարություն է ունեցել «թույլ իշխանութայն գործոնը` այնքան թույլ, որ նա նույնիսկ ունակ չի եղել լուծելու ընթացիկ հարցերը»: «Էդուարդ Շեւարդնաձեի ժամանակ մարդիկ 8-10 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, թոշակները չեն վճարվել մեկ տարուց ավելի: Ավելի լավ չէր իրավիճակը նաեւ Ղրղզստանում` 5-միլիոնանոց այդ երկրի բյուջեն կազմում էր 300 մլն դոլար, ընդ որում 2003 թվականի բյուջեն գերազանցում էր այդ երկրի նախորդ տարվա բյուջեն: Համեմատության համար, 2005 թվականի Հայաստանի բյուջեն կազմում է 800 մլն դոլար ավելի քիչ բնակչության դեպքում»,-հայտարարել է Հայաստանի նախագահը` ավելացնելով, որ Ուկրաինայում, չնայած տնտեսական աճին, իշխանությունը նույնպես թույլ էր վերահսկում իրավիճակը, եւ կար այդ երկրի արեւմուտքի եւ արեւելքի միջեւ հակասությունների գործոնը, ինչպես նաեւ մի շարք այլ ավելի խորը գործոններ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահի խոսքերով, հեղափոխությունների արդյունքում այդ երկրներում իշխանության եկան մարդիկ, որոնք ավելի վաղ բարձր վարչական պաշտոններ էին զբաղեցնում, որոնք ժամանակին երիտասարդ բարեփոխիչների իմիջ են ձեւավորել, եւ պաշտոնանկ արվել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների արագացման ակտիվ գաղափարների համար: Նրանց թվում Ռոբերտ Քոչարյանը նշել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն` «նախկինում արդարադատության նախարար» եւ այդ երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելուն` «նախկինում ֆինանսների նախարար»: Այդպիսով, Քոչարյանի խոսքերով, տեղի է ունեցել սերնդափոխություն, որը Հայաստանում եղել է արդեն երկու անգամ` 1991 եւ 1998 թվականներին: Բոլոր նշված գործոնները, ըստ Ռ.Քոչարյանի, Հայաստանում ուղղակի բացակայում են` «Հայաստանում ակտիվ եւ կառուցողական ղեկավարներից չեն ձերբազատվում , հակառակը, նրանց գործողությունները եւ գաղափարները հավանության են արժանանում»: Նախագահի խոսքերով, խորհրդարանական եւ նախագահական ըտրությունները երկրում արդեն կայացել են, իսկ հաջորդ ընտրությունները տեղի կունենան համապատասխանաբար երկու եւ երեք տարուց: Անդրադառնալով հայկական ընդդիմությանը` Ռ.Քոչարյանը խորհուրդ է տվել նրանց բարդույթների մեջ չընկնել իշխանափոխության փորձերի տապալման պատճառով, ի տարբերություն այլ երկրների: «Դա նրանից չէ, որ մեր ընդդիմությունը շատ վատն է, բանն այն է, որ մեր երկիրն է շատ ավելի լավը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: