12 ապրիլի 2005 - 07:42 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
«Ես չեմ բացառում Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հնարավորությունը.,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Երեւանի պետհամալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Պատասխանելով ԵՊՀ ուսանողի այն հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իշխանությունները հանրապետության էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ «խոսելով ԱԷԿ-ի մասին հարկավոր է հիշել այն մարդկանց դեմքերը, որոնք իրենց ժամանակ կանգնեցրել էին ԱԷԿ-ը` ավելի մեծ վնաս Հայաստանին հասցնել հնարավոր չէր` մութ օրերը, էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամերը Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները չէին, այլ հատկապես ԱԷԿ-ի փակման հետեւանքներն էին»,- ընդգծել է նախագահը: Նրա խոսքերով` Հայաստանի կառավարությունն այսօր քննարկում է այլընտրանքային կամ վերականգնվող էներգետիկայի հեռանկարները: «Կա խոշոր ծրագիր Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ (հայ-իրանական ծրագիրը որոշ տվյալների համաձայն գնահատվում է մինչեւ 90 մլն դոլար), գոյություն ունի փոքրի ՀԷԿ-երի շինարարության 70 ծրագիր, որոնցից մոտավորապես 24-ն արդեն գտնվում են իրագործման փուլում: Հաջորդ տարվա վերջին կսկսվի Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագիրը (իրականացվում է Ճապոնիայի կառավարության տրամադրած 150,2 մլն դոլարի չափով վարկով): Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվում են լուրջ հետազոտություններ հիդրոթերմային էներգետիկայի ոլորտում Սիսիան քաղաքի շրջակայքում, որոնք կարող են վերածվել խոշոր ներդրումային ծրագրի»,- նշել է նախագահն` ավելացնելով, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ուժեղացմանը նպաստում է նաեւ Իրան-Հայաստան գազամուղը, որի շինարարությունն սկսվել է այս ամիս: Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայնը (ՀԱԷԿ), որը կազմված է 815 ՄՎտ ընդհանուր հզորություն ունեցող երկու էներգաբլոկներից, կառուցվել է 1976 թվականին, սակայն փակվել է 1988 թվականին, ինչը դարձել է սուր էներգետիկ ճգնաժամի պատճառ: Կայանի 407, 5 ՄՎտ հզորություն ունեցող երկրորդ բլոկը վերսկսել է աշխատանքը 1995 թվականին: Կայանի փակմանը պնդում է Եվրամիությունը` առաջարկելով ֆինանսավորում 1 մլն եվրո չափով: Սակայն Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը կարժենա 1 մլրդ դոլարից ոչ պակաս: Ներկայումս ՀԱԷԿ-ը գտնվում է «ԵԷՍ Ռոսիա» ՌԲԸ-ի դուստր կառույց համարվող «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կառավարման տակ: