16 հոկտեմբերի 2012 - 16:38 AMT
Եվրամիությունը նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հանդեպ

Եվրամիությունը մի շարք նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային ու գազային հատվածի գրեթե բոլոր ընկերությունների համար՝ նպատակ ունենալով ստիպել երկրի իշխանություններին հրաժարվել միջուկային ծրագրից:

ԵՄ խորհուրդը որոշել է, որ սառեցման են ենթակա շուրջ 30 պարսկական ընկերություններ ու հաստատություններ, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Իրանի կառավարությանը:

Նաև արգելվում է Իրանին վաճառել ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել հրթիռամիջուկային ծրագրում կամ համապատասխան ճյուղերում: Դադարեցվել է գրաֆիտի առաքումն Իրան, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 1-ին ԵՄ-ն Իրանի հանդեպ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանեց: Այն ժամանակ պատժամիջոցները տարածվեցին Իրանի 180 քաղաքացիների ու մի շարք ընկերությունների վրա: