16 հոկտեմբերի 2012 - 18:06 AMT
Սփյուռքի նախարարությունը և Արևմտահայոց Ազգային Համագումարը համագործակցելու են

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Արևմտահայոց Ազգային Համագումարի ոչ կառավարական միջազգային կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանին, փոխնախագահներ Կարեն Միքայելյանին և Նորատ Տեր-Գրիգորյանին: Այս մասին PanARMENIAN.Net – ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից:

Արևմտահայոց Ազգային Համագումարի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն և անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսականև սոցիալական խորհրդի մեջ՝ իբրև միջազգային հասարակական ոչ կառավարական կազմակերպություն:

Կազմակերպության ղեկավարները նախարարին ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը: Կազմակերպությունը պետք է հանդես գա միջազգային ասպարեզում՝ իբրև արևմտահայոց՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր ներկայացուցչական մարմին՝ պաշտպանելու նրանց ոտնահարված շահերն ու իրավունքները: Կազմակերպությունը կատարելու է ժամանակի ընթացքում համապատասխան աշխատանք, որպեսզի հնարավոր դարձնի ներկայացնել թուրքական իշխանություններին արևմտահայ պահանջները՝ հատուցելու 1915-1923թթ Հայոց Մեծ Եղեռնի հետևանքով հասցված բարոյական նյութական և տարածքային վնասները: