17 հոկտեմբերի 2012 - 11:33 AMT
Moody's-ը հաստատել է Իսպանիայի վարկային վարկանիշը, կանխատեսումը` բացասական

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն առանց փոփոխությունների է թողել Իսպանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը «Baa3» մակարդակում: Դրա վերաբերյալ կանխատեսումը սահմանվել է որպես բացասական: Այդ մասին ասվում է գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում:

Ինչպես նշում է գործակալությունը, վարկանիշը նույն մակարդակում թողնելու որոշման վրա ազդել են մի քանի դրական փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել այս տարվա հունիսից: Մասնավորապես, ԵԿԲ կողմից Իսպանիայի պետական պարտատոմսերը գնելը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել այն ռիսկը, որ կառավարությունը չի կարող փոխառություններ ներգրավել արտաքին շուկայում: Գործակալությունը նաև նշում է, որ Մադրիդը, ամենայն հավանականությամբ, շուտով օգնության համար կդիմի Կայունության եվրոպական մեխանիզմին:

Բացի դրանից, Moody's-ի վերլուծաբանների գնահատականի համաձայն, Իսպանիայի կառավարությունը շարունակում է բարեփոխումներ անցկացնել բյուջետային դեֆիցիտի մակարդակը կայունացնելու համար, իսկ բանկային հատվածի շարունակվող վերակառուցումը կարող է բարձրացնել շուկաների կողմից նրա նկատմամբ վստահության մակարդակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: