17 հոկտեմբերի 2012 - 12:39 AMT
Ստեպաշին. Գրեթե 2 դար առաջ ձևավորված Ռուսաստանի ու Հայաստանի սերտ համագործակցությունը երբեք չի ընդհատվել

Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերությունն «այսօր իրականացվում է ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսության, քաղաքականության, կրթության ու մշակույթի մեջ»: Այդ մասին հայտարարել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը Հայաստանի Վերստուգիչ պալատի խորհրդի ու Ռուսաստանի Հաշվիչ պալատի կոլեգիայի համատեղ նիստում:

«Ռուսաստանի ու Հայաստանի սերտ հարաբերությունները պատմականորեն ձևավորվել են գրեթե 2 դար առաջ և երբեք չեն ընդհատվել, անկախ սահմանների ու պետական կառուցվածքի ձևերի փոփոխությունից»,-ասել է Ստեպաշինը:

«Պետական աուդիտը հարաբերականորեն նոր ոլորտ է միջազգային համագործակցության համար: Ֆինանսական վերահսկողության արտասահմանյան մարմիններից քչերի հետ է համագործացությունն այսքան ինտենսիվ զարգացել, որքան Հայաստանի Հաշվիչ պալատի հետ»,-ասել է Ստեպաշինը:

ՌԴ Հաշվիչ պալատի պատվիրակությունը Սերգեյ Ստեպաշինի գլխավորությամբ պաշտոնական այցով ժամանել է Երևան երեքշաբթի օրը: