17 հոկտեմբերի 2012 - 13:17 AMT
Գյուրջիևի անվան համույթը Պոզնանում կներկայացնի Գյուրջիևի և Կոմիտասի արվեստը

Հոկտեմբերի 20-ին Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյան) մենահամերգներով հանդես կգա

Լեհաստանի Պոզնան քաղաքի NOSTALGIA FESTIVAL եվրոպական երաժշտական փառատոնին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են համույթից, իրենց հետ փառատոնին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

Փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ: Նախատեսված են նաև հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ, որոնց թվում հատկապես հետաքրքրական է «Սպանդի ու պատկերի լույսի միջև» խորագրով դասախոսությունը, որի շրջանակում բանախոսները կքննարկեն Փարաջանովի սիմվոլիզմի ու Մանսուրյանի երաժշտության փոխառնչությունները: Նախատեսված է զրույց- հանդիպում Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտների հետ, ովքեր կխոսեն հայկական երաժշտության, Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների մասին: