Սերժ Սարգսյան. Մարդասպանին հերոսացնելով` Բաքուն մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը

Սերժ Սարգսյան. Մարդասպանին հերոսացնելով` Բաքուն մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բուխարեստում (Ռումինիա) գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Համագումարի ժամանակ նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք: Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, պատիվ ունեմ առաջին անգամ պաշտոնապես դիմելու ԵԺԿ համաժողովին:

Շնորհակալ եմ բոլոր ներկաներին և հատկապես նախագահ Մարտենսին` մեր անդամակցության գործում ցուցաբերած աջակցության համար: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Բասեսկուին` այս տարեկան հավաքը հյուրընկալելու և հրաշալի կազմակերպելու համար:Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել Եվրոպական միության ղեկավարությանը և անդամ պետությունների քաղաքացիներին` Նոբելյան խաղաղության մրցանակին արժանանալու առիթով: Մրցանակի շնորհումը գնահատանքն է այն ավանդի, որ Եվրոպական միությունը ստանձնել է խաղաղության ամրապնդման և զարգացման գործում:

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո` իր ներկա նպատակադրումներով և իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից մեկը: Հետևաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին` որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով` որակական և բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և՛ Ասոցացման բանակցությունների, և՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից:

Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ և Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար: Հուսով ենք, որ ներկաները և Ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից:

Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության: Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար:

Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ ևս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն:

Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն սպառնալիք է ինչպես Եվրոպական միության երկրների, այնպես էլ գործընկեր պետությունների համար: Նման մասշտաբի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայնակ: ԵԺԿ այս տարվա գագաթնաժողովի խորագիրը չափազանց արդիական է. այս մարտահրավերի պատասխանն է` «Ավելի շատ Եվրոպան», պատասխանն է` ավելի համախմբված Եվրոպան և ավելի ամուր հանձնառությունը եվրոպական գաղափարներին ու համերաշխությանը: Միայն նման Եվրոպան կկարողանա հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամը և նոր հնարավորություններ բացել մեր հասարակությունների բարեկեցության համար»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---