14 ապրիլի 2005 - 08:46 AMT
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԿԻ Ն ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Ապրիլի 20-21 Երեւանում տեղի կունենա «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ.Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» թեմայով միջազգային համաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Համաժողովի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձով հանդես կգա Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը ցեղասպանությունների կանխման հարցերով, անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Խուան Մենդեսը (ԱՄՆ, Նյու Յորք): Միջազգային համաժողովի օրակարգում 5 նիստ է` Մարդու իրավունքների ոտնահարում.ներկան եւ ապագան, Ծանրագույն հանցագործություն.կանխարգելում եւ գործողություններ, Ծայրահեղ մարտահրավերներ.ճշմարտություն, հաշտեցում եւ անցումային արդարադատություն, Հայ-թուրքական հարաբերություններ.բաժանված պատմությամբ, միավորված աշխարհագրությամբ: «Հանցագործություններ մարդկության դեմ եւ միջազգային իրավունք» զեկույցով հանդես կգա մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն Վիլյամ Շաբասը (Հելվեյ, Իռլանդիա), ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, իրավունքի պրոֆեսոր, PEN կենտրոնի նախագահ Ալֆրեդ դե Զայասը (Ժնեւ, Շվեյցարիա) հանդես կգա զեկույցով` «Մարդու իրավունքները եւ միջազգային իրավունքը», Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրաել Չարնին (Երուսաղեմ)`«Ցեղասպանության ժխտումը որպես մարդու իրավունքների տեւական ոտնահարում» զեկույցով, Իսրայելի Քնեսսեթի անդամ, «Մերեց» շարժման նախագահ Յոսսի Սարիդը(Երուսաղեմ)` «Հրեա ժողովրդի պարտավորությունները այլ զոհերի հանդեպ», Իսրայելի բաց համալսարանի եւ Կիբուցիմ կրթական քոլեջի ներկայացուցիչ Յաիր Աուրոնը(Երուսաղեմ)` «Հոլոքոսթի եւ ցեղասպանության հարցերը կրթության ոլորտում» զեկույցով, ինչպես նաեւ բազմաթիվ գիտնականներ եւ հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Դանիայից, Ֆրանսիայից, հաղորդում է Jewish.ru-ն: