18 հոկտեմբերի 2012 - 10:07 AMT
«Հրապարակ». Պուտին հայաստանյան այցի մասին դեռ ոչինչ հայտնի չէ

«Հրապարակ»-ը գրում է Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի մասին: Թերթի ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող «սպոնտան» լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե´ արարողակարգային, թե´ անվտանգության, էլ առավել ևս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով:

«Այս պահին որևէ նման փաստաթուղթ կարծես թե չկա»,- պնդել են նրանք: Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը, ապա, ըստ նրանց, «դեռ վաղ է այդ մասին խոսելը, ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է` վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա և ոչ թե հակառակը»:

Հիշեցնենք` 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ: «Հրապարակ»-ը փորձեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել' կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ: «Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք»,- ասել է ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանը: