14 ապրիլի 2005 - 10:56 AMT
ՌԴ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԸ
ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նրա խոսքերով` ներկայումս աշխատանքներ են ձեռնարկվում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման, «Մարս» գործարանի վերագործարկման եւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի իրականացման համար: Ա.Բաղդասարյանն իր հերթին նախարարի հետ քննարկել է Հայաստանի համար հատուկ կարեւորություն ունեցող Կովկաս-Փոթի լաստային փոխանցուղու հետագա աշխատանքներին առնչվող հարցեր: Կողմերը նաեւ քննարկել են երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման անհրաժեշտության մասին: Ինչպես նշել է Ի.Լեւիտինը, ապրիլի 15-ին Կրասնոդարում այդ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը նա կքննարկի վերոհիշյալ խնդիրները: Նրա խոսքերով` կարեւորը, որ հարցի իրավաբանական կողմն ապահովված է, մնում է կարգավորել տեխնիկատնտեսական հարցերը: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` քննարկել տարածաշրջանային նշանակություն ունեցող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը բոլոր շահագրգռված պետությունների խորհրդարանների մասնակցությամբ: