18 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT
Երևանում մեկնարկել է միջազգային զբոսաշրջային համաժողով UNWTO գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի մասնակցությամբ

Հայաստանը պատրաստ է ընդլայնել իր զբոսաշրջային հնարավորությունները, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, երկրում արդեն առկա են անհրաժեշտ պայմանները ենթակառուցվածքների, ծառայությունների որակի, օդանավակայանի առումով, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին, որոնք ստեղծվել են վերջին տարիներին:

Երևանում առաջին անգամ հոկտեմբերի 18-19-ը տեղի է ունենում միջազգային համաժողով «Ունիվերսալ արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ավանդը» թեմայով Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի մասնակցությամբ:

Նա նաև նշել է, որ այս համաժողովը թույլ կտա պատշաճ մակարդակով ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը, հյուրերն անմիջականորեն կմասնակցեն լիագումար նիստերին, կծանոթանան երկրի հետ: «Թալեբ Ռիֆայիի մասնակցությունը խոսում է այդ կազմակերպության հետ համագործակցության կարևորության մասին»,- ասել է Դավթյանը:

Ինչպես հաղորդել է նախարարը, ոլորտում աճի տեմպերը միջինում կազմում են 8-10 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է աշխարհի երկրների համար, առավել ևս հաշվի առնելով ճգնաժամային տարիները: Դավթյանը հավելել է, որ 2011-ի տվյալներով Հայաստանն ընդունել է շուրջ 740 000 զբոսաշրջիկ, այս տարի սպասվում է 7-8 տոկոս աճ:

Իր հերթին Թալեբ Ռիֆային նշել է, որ Հայաստանում համաժողով անցկացնելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երկիրը հարուստ է մշակութային և հոգևոր ժառանգությամբ, ուստի լավ «թեկնածու» է, որպեսզի հենց այստեղ անցկացվի զբոսաշրջային համաժողովը:

Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանում կան բոլոր հնարավորությունները զբոսաշրջային ոլորտի զարգացման համար, սակայն այստեղ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, մասնավորապես, համաշխարհային ասպարեզում առաջ շարժվելու ուղղությամբ, և այստեղ կանցկացվեն քննարկումներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ:

Աննախադեպ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել զբոսաշրջության ոլորտի նախարարներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից և այլ երկրներից: Համաժողովի մասնակիցները կքննարկեն զբոսաշրջային արդյունաբերության զարգացման միտումները, արդի խնդիրները, հեռանկարային համագործակցությունը, երկու լիագումար նիստերի ուշադրության կենտրոնում կլինեն կրոնի, միջմշակութային երկխոսության հարցեր և այլն: