19 հոկտեմբերի 2012 - 13:04 AMT
Արգենտինայի դեսպանը պատմեց հայ գործարարներին երկրի ներդրումային հնարավորությունների մասին

Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է հայ– արգենտինյան առևտրատնտեսական համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Արտենգինայի դեսպանատունը: «Այդ ֆորումի նպատակն է ծանոթացնել հայ գործարարներին Արգենտինայի տնտեսության և ներդրումային դաշտի հետ` ապրանքների այն խմբերը բացահայտելու համար, որոնք մրցունակ կլինեն արգենտինական շուկայում»,- ասել է ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը:

Նրա խոսքով, Արգենտինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները սկսել են զարգանալ Հայաստանի անկախացման տարում, երբ առաջին ներդրողը եղավ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: «Ցավոք սրտի, երկրների միջև հարաբերություններն անհավասարաչափ են զարգանում. արգենտինական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 200 մլն դոլար, ինչը չի կարելի ասել հակառակի մասին»,- հավելել է նա:

Իր կողմից Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ալվերես Ռիվարոն հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով Արգենտինայի տնտեսական իրավիճակը և ներդրումային հնարավորությունները: Ինչպես հաղորդել է դեսպանը, 2011-ին Արգենտինայի ՀՆԱ-ն ավելացել է 8,9 տոկոսով, ընդ որում աճը մեծ մասամբ գրանցվել է ծառայությունների ոլորտում` 9,1 տոկոս, քան ապրանքների ոլորտում` 7,4 տոկոս: Դրա հետ կապված նա հավելել է, որ գործազրկության մակարդակը կազմել է 6,7 տոկոս, իսկ երկրում սպառողական գների ինդեքսը 2011-ին 2010-ի համեմատ ավելացել է 10,9 տոկոսով: Ինչ վերաբերվում է արտահանման ծավալներին, ապա 2011-ին դրանք կազմել են ավելի քան 84 մլրդ դոլար (24 տոկոս աճ), իսկ ներկրման ծավալները 2011-ին 2010-ի համեմատ ավելացել են 31 տոկոսով` կազմելով ավելի քան 73 մլրդ դրամ: «Արգենտինայի տնտեսությունը զերծ չի մնացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, որը կրճատել է ՀՆԱ աճը 4.4 տոկոսով 2012-ին և 4 տոկոսով` 2013-ին»,- ասել է նա: