19 հոկտեմբերի 2012 - 14:54 AMT
Հայաստանում 2012-ի սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.3 տոկոսով`կազմելով 120 166 դրամ

Հայաստանում 2012 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 5,3 տոկոսով` կազմելով 120 166 դրամ: Ընդ որում ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն ավելացել է 0,4 տոկոսով: Միաժամանակ 2012թ. հունվար-սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս` հասնելով 118 225 դրամի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. սեպտեմբերին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 3,2 տոկոսով` կազմելով 96 177 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 2,2 տոկոս: Ընդ որում 2012թ. հունվար-սեպտեմբերին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4,6 տոկոս` հասնելով 94 721 դրամի:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը սեպտեմբերին կազմել է 6,4 տոկոս` հասնելով 146 955 դրամի: Ընդ որում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է 0.8 տոկոս անկում: Միաժամանակ 2012թ. հունվար-սեպտեմբերին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 5,5 տոկոս` հասնելով 145 532 դրամի: