19 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT
ՌԴ ԱԳՆ. Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի նախաձեռնությունը չէ

«Առաջիկայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը զուտ Ֆրանսիայի շնորհքը չէ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նախաձեռնությունը ստանձնել է Ֆրանսիան: Նա ասել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ գործում է «եռյակը», այսինքն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

«ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք երկրները հավասար չափով են նախաձեռնություն դրսևորում: Հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև համաձայնեցված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հնարավոր է, նրանք են առաջարկել հանդիպումն անցկացնել Ֆրանսիայում: Բանակցությունների շարունակությունը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ասել է նա:

Լուկաշևիչը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ամսվա վերջում. «Դեռ հայտնի չէ, թե որտեղ այն կկայանա: Հանդիպման արդյունքից կախված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Մոսկվան սատարում է երկխոսությանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամենակարևորը բանակցությունների շարունակությունն է», հայտնում է «ԱՊԱ»-ն:

ՀՀ ԱԳՆ-ում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպումը մեկնաբանելու PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքին պատասխանեցին, որ «պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն ԱԳ նախարարի առաջիկա այցերի մասին»: