19 հոկտեմբերի 2012 - 16:21 AMT
Փհենյանը սպառնացել է Սեուլին ռազմական հարված հասցնել սադրիչ թռուցիկներ տարածելու դեպքում

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ կրակ կարձակեն Հարավային Կորեայի տարածքի վրա, եթե Սեուլը կրկին նրանց տարածք ուղարկի սադրիչ թռուցիկներ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` մեջբերելով Կորեային կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ինչպես ասվում է գործակալության հաղորդագրությունում, եթե թռուցիկներն ընկնեն ԿԺԴՀ տարածք, երկիրը «առանց զգուշացնելու անողորմ ռազմական հարված» կհասցնի Հարավային Կորեային:

Հարավային Կորեան հոգեբանական պատերազմ է մղում ԿԺԴՀ հետ 2008-ից, երբ իշխանությունը գլխավորեց նախագահ Լի Մեն Բակը:

Ինչպես հայտնի է, 2011-ին տարածված թռուցիկներում հաղորդվել է հակակառավարական ցույցերի մասին, որոնք համակել են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները, ինչպես նաև պարունակել են հյուսիսկորեական ռեժիմը տապալելու կոչեր: