18 ապրիլի 2005 - 08:42 AMT
ԲԱՔՎԻ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆ Է
Քանի որ ադրբեջանական կողմը մինչ այժմ հանդես է գալիս ռազմատենչ կոչերով, ապա միանգամայն պարզ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հասցեագրված է հենց Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործանախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Միեւնույն ժամանակ, համանախագահների զգուշավորության պատճառով, որը դրսեւորվեց նրանում, որ հայտարարության մեջ չի նշվում եւ չի դատապարտվում խախտումների նախաձեռնողը, մենք չենք կարծում, թե այդ փաստաթուղթը կնպաստի հրադադարի ռեժիմի պահպանմանը»,-նշել է Հ.Գասպարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ին եւ ԵԱՀԿ գործող համանախագահին հասցեագրված նամակում բացատրում է, որ այդ խախտումների հիմնական պատճառը այն է, որ Ադրբեջանը համոզված է իր անպատժելիության մեջ: «Բոլորը հիանալի գիտեն, որ հենց ադրբեջանցիներն են հրադադարի ռեժիմի խախտողները: Այնուամենայնիվ ոչ ոք չի դատապարտում նրանց գործողությունները, ինչի արդյունքում ադրբեջանցիները կրկին եւ կրկին խախտում են հրադադարը»,-ավելացրել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: «Եթե նախկինում ոչ միշտ է հասկանալի եղել, թե ով է առաջինը կրակ բացել, այսօր պարզ է, որ ադրբեջանցիները փորձում են առաջ տանել իրենց դիրքերը եւ էական փոփոխությունների են ենթարկում ստատուս-կվոն: Այդպիսով, մենք համոզված ենք, որ հրադադարի ռեժիմի պահպանման ընդհանուր կոչը ոչ մի օգուտ չի բերի: Ավելին, մենք ակնկալում ենք, որ համանախագահները եւ նրանք, ովքեր շահագրգիռ են տարածաշրջանում կայունությունը պահպանելու հարցում, կդիմեն առավել վճռական քայլերի»,-ամփոփել է Համլետ Գասպարյանը: