18 ապրիլի 2005 - 10:27 AMT
ԻՍՐԱՅԵԼԸ ԺԽՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Իսրայելի Քնեսսեթի անդամ Յոսի Սարիդին հրապարակել է «Իսրայելը Հոլոքոսթը ժխտողների շարքում» հոդվցածը, որտեղ դատապարտում է Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մասնավորապես, հեղինակը գտնում է, որ պաշտոնական Թել Ավիվի դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններով, որը հետեւողականորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պատասխանատվությունից խուսափելու համար: Երկրորդ պատճառը այն է, գրում է պատգամավորը, որ ցեղասպանության ճանաչումը մեկ այլ ժողովրդի հանդեպ կնվազեցնի հրեաների Հոլոքոսթի դերը: «Իսրայելի արտգործնախարարությունը, եւ ոչ միայն այն, վախենում է սեփական ստվերից, ինչը վարկաբեկում է մեզ բոլորիս, եւ դառնում ենք Հայոց ցեղասպանութայն համաշխարհային լռեցման հանցակիցները»,-գրում է հեղինկաը: Յ.Սարիդին զուգահեռ է անցկացնում Հայոց ցեղասպանության եւ ռեպրեսիաների ենթարկված տիբեթների հարցում Իսրայելի դիրքորոշումների միջեւ: «Բռնադատված թիբեթների առաջնորդ Դալայ լաման երկու անգամ այցելել է Իսրայել եւ երկու անգամն էլ արգելվել է հանդիպել նրա հետ,քանի որ դա կարող էր ճգնաժամ առաջացնել չին-իսրայելական հարաբերություններում: Նման պատճառաբանությամբ էլ Իսրայելի կառավարությունը հանդես է գալիս նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում: Երկու դեպքում էլ ես անտեսեցի այդ արգելքները, քանի որ, իմ խորին համոզմամբ, բարոյական քաղաքականությունը ի վերջո հաղթում է, իսկ ստորը` պարտություն է կրում»,-ասվում է իսրայելական «Հաարեց» թերթում հրապարակված հոդվածում: Այդ մասին հաղորդում է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական կոմիտեն: Նշենք, որ Քնեսսեթի անդամ Յոսի Սարիդին, Իսրայելի մշակույթի նախկին նախարարը, կայցելի Հայաստան Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Յոսի Սարիդին Իսրայելի այն փոքրաթիվ պաշտոնական անձանցից է, որոնք քննադատում են իրենց պետության ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: