21 հոկտեմբերի 2012 - 16:03 AMT
Էջմիածնում կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողությունը

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն:

Մինչ արարողությունը Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:

Այնուհետև հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր տաճարի շրջափակում կառուցվելիք մոմավառության սրահի և կաթողիկոսաց դամբարանի վայրը, որտեղ, Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվեց նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան և Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը: Արարողության վերջում Նորին սրբությունն իր օրհնությունը բերեց կառույցի բարերարներ Գառնիկ և Անի Յակուբյաններին (ԱՄՆ), որոնց ազնիվ հանձնառությամբ տարիներ առաջ կառուցվել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքը:

Ապա ներկաներն կաթողիկոսի առաջնորդությամբ նաև շրջայց կատարեցին հին վեհարանում` ծանոթանալով նորոգման աշխատանքների ընթացքին: Այս կապակցությամբ նա իր բարձր գնահատանքը հայտնեց Պերճ և Վերա Սեդրակյաններին և Սեդրակյան ընտանիքին, որոնց սրտաբուխ նվիրատվություններով նորոգվում է հին վեհարանը: