
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ: Այս անգամ նրանք այցելել են մի ընտանիքի, որտեղ պատմել են, թե ինչպես է իրենց դուստրը մահացել Թուրքիայում:
2002թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու:
Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում: Մայրը մեկնել է Թուրքիա: 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում: Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով :