«Կիլիկյան» դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ

«Կիլիկյան» դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց շուրջ 3 շաբաթ առաջ Հայաստանում բացված սիրիական կրթական ծրագրով դասավանդվող «Կիլիկյան» դպրոց: Մինչև ուսումնական գործընթացին ծանոթանալը նախարարը խորհրդակցություն անցկացրեց դպրոցի տնօրինության, Երևանի քաղաքապետարանի մասնագետների, ուսուցիչների և Կիլիկյան բարեսիրական միության ղեկավարների մասնակցությամբ: Ներկաները նախարարին տեղեկացրին, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, երեխաները դասերն անցկացնում են վերանորոգված դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դասերը կայանում են կահավորված մարզադահլիճում, իսկ Սոֆի Դևոյանի շնորհիվ անվճար հաճախում են պարի դասերի: Ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ, դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչներ, արդեն իսկ բազմացվել և աշակերտներին են տրվել համապատասխան դասագրքերը:

Նախարար Հակոբյանը հետաքրքրվեց դասավանդման և ուսման որակով՝ կարևորելով առանց թերացումների դասապրոցեսի կազմակերպումն ու աշակերտների՝ ուսման նկատմամբ տրամադրվածությունը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր փորձեցին օգտակար լինել այս նախաձեռնությանը: Մեր ուսուցչուհիներն այսօր հերոսական գործ են անում, նվիրյալ աշխատանք, որպեսզի ոչ մի աշակերտ խորթություն չզգա: Բնականաբար մենք չէինք կարող անտեսել սիրիահայերի ցանկությունը ունենալ սիրիական ծրագրով դպրոց: Այս դպրոցի բացումն առաջին հերթին ՀՀ նախագահի քաղաքական կամքի դրսևորումն էր: Եվ երբ կարգավորվի իրավիճակը Սիրիայում, մեր հայրենակիցները որոշեն գնալ հետ, երեխաները որևէ դժվարություն և ուսումնական բացթողում չեն ունենա՝ ի շնորհիվ նրանց համար կազմակերպված դպրոցի»,-նշեց ՀՀ Սփյուռքի նախարարը: Այնուհետև նախարարը շրջեց դասասենյակներում, զրուցեց երեխաների հետ, լսեց նրանց տպավորությունները հայաստանյան կյանքի, ժամանցի ու կենսակերպի վերաբերյալ, ինչպես նաև՝ ծանոթացավ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---